Գրքերի աշխարհին այնքան մոտ լինելու, առաջին գործերի առաջին ընթերցողներից խուսափելու, գրականության ազդեցիկության, կին-տղամարդ գրողների հակադրությունների ու կին գրողների բազմաթիվ զոհաբերությունների մասին «ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրեն Արևիկ Աշխարոյանի հարցազրույցը գերմանացի գրող Նինո Հարաթիշվիլիի հետ:
Արևիկ Աշխարոյան. «Արդյոք գրող լինելու համար շատ բան է պետք զոհաբերել, և արդյոք Դուք ինքներդ շատ բան եք զոհաբերել»։
Նինո Հարաթիշվիլի. –«Լավ հարց է։ Ես շատ եմ մտածում դրա շուրջ։ Նույնիսկ մի քանի տարի առաջ գրել եմ այդ մասին։ Կարծում եմ` այո։ Բայց ես ինքս ինձ հարցնում եմ, արդյոք իմ կյանքում կա որևէ բան, ինչը ես շատ եմ սիրում, բայց որը չի պահանջում զոհաբերություն։ Չգիտեմ, արդյոք դա բնորոշ է միայն գրականությանը և գրողներին։ Ինձ թվում է` այդ զոհաբերությունը կարող է լինել յուրաքանչյուր բնագավառում, եթե դու կլանված և տարված ես քո գործով, որովհետև դու առաջին հերթին քո ժամանակն ես զոհաբերում, ժամանակը, որը դու կարող էիր ծախսել այն վայրերի, մարդկանց և այլ բաների վրա, բայց նախընտրում ես քո սիրած բանով զբաղվել։ Երևի ասեմ, որ այո, ստիպված եմ եղել զոհաբերությունների գնալ, նույնիսկ անձնական կյանքում։
Եվ երևի զոհաբերություններն ավելի մեծ են լինում, երբ դու կին գրող ես և իհարկե, այդ ամենն ավելի է դժվարանում, երբ դու երեխաներ ունես և ստիպված ես հավասարակշռել քո անձնական և մասնագիտական կյանքը»։
Գերմանացի գրողների մասնակցությունը ֆորումում հնարավոր է դարձել Երևանում «Գյոթե կենտրոնի» հետ գործակցությամբ։