«ԱՐԻ» գրականության հիմնադրամի տնօերն Արևիկ Աշխարոյանը զրուցել է թուրք գրող Ասլը Պերկերի հետ: Հարցազրույցի ընթացքում Պերկերը պատմել է գրական աշխարհում իր առաջին քայլերի, հաջողությունների, թեմաների ընտրության, գրականության ու լրագրության ընդհանրությունների, կին ու տղամարդ գրողների անվերջ հակամարտության մասին: Ինչպես դարձավ գրող, երբ սկսեց գրել ու ինչու, ի վերջո, ընտրեց հենց գրողի մասնագիտությունը: Հետաքրքիր մանրամասներ և խորհուրդներ Ասլը Պերկերից:
«Գիտեք ինչ, ուզում եմ ասել բոլորին, որ, այո՛, այս ամենի համար շատ ժամանակ պահանջվեց և հստակ պլան: Եվ, այո՛, պահանջվեց համառություն: Այդ օրվանից՝ ամբողջ կյանքս պլանավորել եմ։ Ես հիմա 47 տարեկան եմ, իսկ սկսել եմ 14-ից և խորին համոզմունք ունեմ, որ չէի կարող ավելի երջանիկ լինել: Ես սիրում եմ իմ գործը: Իհարկե, ամեն ինչ հեշտ ու հարթ չէր: Հեշտ չէր, քանի որ Իտալիայի փոխարեն, ես տեղափոխվեցի ԱՄՆ՝ Նյու Յորք՝ ձեռքիս ունենալով ընդամենը 1000 դոլար։ 2001 թվականն էր, և 1000 դոլարը ոչինչ էր։ Ունեի ճամպրուկ և 1000 դոլար: Համաձայնվում էի անել ամեն տեսակ աշխատանք։ Նման էի Ֆորեսթ Գամփին: Գիտեք, ամեն գործ անում էի․ մաքրում էի, փայլացնում էի արծաթեղենը, աշխատում էի սրճարանում, նաև որպես դայակ։ Գիտեք, նույնիսկ մաքրում էի որոշ մարդկանց զուգարանները: Ես շատ բաներ արեցի, բայց միևնույն ժամանակ շարունակում էի գրել»։