Newmag հրատարակչությունը «Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարի շրջանակում հրատարակել է ռուսական ժամանակակից ամենակարևոր գրքերից մեկը՝ Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» վեպը: Ռուսաստանյան գրողի վեպը թարգմանվել է երկու տասնյակից ավելի լեզվով: Los Angeles Times-ի բնորոշմամբ, Յախինան Լև Տոլստոյի լավագույն ավանդույթներով ցույց է տալիս, թե մարդիկ որքան անզոր են պատմության հորձանուտում: Իսկ L’Humanité-ն գործն անվանել է «զորեղ վեպ»: Գրաքննադատների դիտարկմամբ, այս գիրքը վերջին տարիների ամենաբարձր գրական առաջընթացներից մեկն է:
Գրքի սյուժեն կառուցված է Զուլեյխա անունով մի երիտասարդ կնոջ շուրջ: Նա ապրում է իրեն չսիրող ամուսնու ու անվերջ կտտանքների ենթարկող սկեսրոջ հետ: Վեպի գործողությունը սկսվում է 1930 թվականին: Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ է հավաքում Խորհրդային Միությունում: Զոհերի ու աքսորյալների մեջ է թաթարների երիտասարդ ընտանիքը: Ամուսինը սպանվում է, կինն աքսորվում է Սիբիր: Գյուղաբնակ Զուլեյխային հարյուրավոր աքսորյալների հետ բեռնավագոնով քշում են Սիբիր: Նա անցնում է հրեշավոր դժվարություններով, հրաշքով ողջ է մնում, և ստանում է իրեն բաժին հաստած «հասարակ կանացի երջանկության» հատիկը:
Անօթևան ու անհայտ ճակատագրով մարդկանց կյանքի պատմությունները դառնում է Գուզել Յախինայի վեպի սյուժեն: Գործի ոգեշնչման աղբյուրը դարձել է սիբիրյան աքսորից փրկված տատիկի պատմությունը, որին հեղինակը գրեթե չի անդրադաձել գրքում, փոխարենը գրի է առել այլ աքսորյալների հուշերը: Բոլոր պատմությունները միավորում է 1930-1946 թվականներին ընկած ժամանակահատվածը: Գուզել Յախինան կարողացել է ստալինյան ժամանակաշրջանի սարսափների վիճահարույց թեման ներկայացնել պատմական ճշգրտությամբ և զգացմունքայնությամբ:Գրական գործը գրավում է առաջին իսկ էջից մինչև վերջին էջը:
Մոտ երկու տարի Յախինան ուսումնասիրել է պատմական դեպքերը, արխիվային փաստաթղթերը: Վեպը գրելու բուն ընթացքը տևել է ութ ամիս: Ի սկզբանե Յախինան գործը գրել էր սցենարի տեսքով ՝ որպես ուսումնական աշխատանք Մոսկվայի կինոդպրոցի համար: Գրաքաննադատների կարծիքով, «Զուլեյխան բացում է իր աչքերը» վեպը մեծ դեբյուտ է: 2015-ին այն արժանանում է «Տարվա գիրք», «Ընթերցողի գիրք», «Յասնայա պոլյանա» գրական մրցանակների: Գրքի հիման վրա Բաշկիրի դրամատիկական թատրոնում բեմադրվում է ներկայացում , Ռոսիա 1 հեռուստաընկերությունն անցած տարի նկարահանեց համանուն սերիալը, Զուլեյխային մարմնավորում է Չուլպան Խամատովան: