Երբ հույզերը դեռ չեն սառել, դրանք թղթին հանձնել ը դժվար է: Բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը դեռ չի կարողացել գրել նույնիսկ մի քանի տող Արցախյան 3-րդ պատերազմի մասին: Ժամանակ է պետք՝ նախ զգացմունքները պետք է հանդարտվեն. «Արցախյան առաջին պատերազմի ժամանակ քանի՞ վեպ, քանի՞ շարք, քանի՞ գիրք է գրվել, ընդամենը մի քանիսը… Դեռ գտնվում ենք կիզակետում, էպիկենտրոնում, և գրելը շատ դժվար է, քանի որ դա կողքից դեռ չես տեսնում, այն քո ներսում է: Հեռավորությունը շատ կարևոր է գրականության համար, մեզ շատ ժամանակ է պետք»:
Գրականությունը լավագույն միջոցն է ցավը թուլացնելու, ցավի մասին պատմելու ու խոսելու համար: Եվ այստեղ գրողը շատ է կարևորում նաև կնոջ հույզերի վերաբերյալ գրել, պատերազմում կնոջ մասնակցության մասին պատմելը: Մենք կնոջը միայն տառապանք ենք վերագրում, ու ոչ երբեք հաղթանակ ու պայքար:
«Ես անընդհատ հիշում եմ իմ սիրած գրողներից մեկին՝ Սվետլանա Ալեքսիևիչին, ով գրել է «Պատերազմը կնոջ դեմք ունի» գիրքը, որտեղ ես հանդիպեցի նրա մասին կանանց մասին մտքերը, որոնք կարևոր են նաև մեր իրականության համար: Օրինակ, նա նկարագրում է, թե ինչպես են մարդիկ սովորաբար վերադառնում պատերազմից: Նրանք վերադառնում են՝ կրելով հսկայական վնասվածքներ, խեղված են ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեբանորեն: Բայց կա մի տարբերություն. երբ տղամարդիկ վերադառնում են, մենք նրանց միշտ հերոսի պես ենք վերաբերվում, նրանց մեդալներ, կոչումներ տալիս, հիանում նրանցով, բայց երբ կինը վերադառնում է, մենք նրան անբարոյականի պիտակ ենք տալիս»:
Կնոջ դերն ու բացառիկությունը նույնիսկ պատերազմի դաշտում է ստորադասվում՝ մինչդեռ, եթե նրան վերագրենք բոլոր առավելությունները, դրանից կշահի առաջին հերթին տղամարդը: