Ավարտվեց այս տարվա «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարը: «Զապել» կին գրողների միջազգային ֆորումի, ինչպես նաև Եվրասիա հիմնադրամի՝ « Մշակութային դիվանագիտության ուժը․ «Գրականություն առանց սահմանների » ծրագրի շրջանակներում պանելային քննարկմանը ճամբարի մասնակիցները զրուցել են ստեղծագրության դասընթացների առավելության, գրողների միջև առողջ քննարկումների, նման ծրագրերի կարևորության մասին: «ԱՐԻ» գրականության հիմնադրամի տնօերն Արևիկ Աշխարոյանի հյուրերը երեքն են՝ «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարի մասնակիցներից Ելենա Բաբայանը Հայաստանից և Բերնա Բիրթանը Թուրքիայից, ինչպես նաև Ասլը Փերքերը՝ «Գրենք Հայաստանում» ստեղծագրության ճամբարի դասախոսներից:
Այս տարի երիտասարդ գրողներին դասավանդել են հայտնի գրողներ Արմեն Օհանյանն ու Ասլը Պերկերը: Ըստ նրա, ստեղծագրության դասընթցաները հատկապես կարևոր ու օգտակար են սկսնակ գրողների համար: Խորհուրդները և քննարկումները միանգամից անդրադառնում են երիտասարդների գրական ճաշակի ու գործի որակի վրա. «Երբ ես սկսեցի դասավանդել, ես հասկացա, որ այո՛, դու իսկապես կարող ես ինչ–որ մեկին ուղղորդել կամ պարզապես ոգեշնչել: Դու կարող ես օգնել: Հնարավոր է, որ սովորեցնես մի քանի բան, և դասընթացը օգտակար լինի»:
«Գրենք Հայաստանում» ստեղծագրության ճամբարի մասնակիցներ Ելենան ու Բերնան նույնիսկ հասցրել են մտերմանալ միմյանց հետ: Ճամբարից հետո էլ միասին քննարկում են իրենց աշխատանքները, միմյանց խորհուրդներ տալիս ու շփվում գրական տարբեր թեմաների շուրջ: Դասընթացից բազմաթիվ խորհուրդներ են առանձնացրել, որոնք կօգնեն հետագա գործերր գրելու ընթացքում. «Կարծում եմ, որ Ասլըի խորհուրդը շատ տպավորիչ էր, և դա ինձ շատ օգնեց: Այդ խորհորդն էր՝ «Նախ գրիր սրտով, հետո ևս մեկ անգամ գրիր ուղեղով, ու տես, որ շատ բան կունենաս խմբագրելու»: Մինչ այդ ես կարծրատիպ ունեի, որ պետք է գրել միայն ուղեղի թելադրանքով»:
Բերնա Բիրթան. «Միշտ հիշում եմ, երբ Արմեն Օհանյանը, ով տարբեր թեմաներ էր քննարկում մեզ հետ, ասում էր. «Դուք պետք է ճանաչեք ձեր կերպարներին: Պետք է պատկերացնեք դրանց: Դուք պետք է ամեն ինչ իմանաք նրանց մասին»: Իհարկե, երբեմն մենք այդպես ենք անում, երբեմն՝ ոչ, բայց դրանից հետո ես սկսեցի գիտակցաբար մոտենալ իմ կերպարներին։ Եվ կարծում եմ, որ դա շատ օգնեց պատմվածքի կառուցման գործում: Հիմա, երբ ես ինչ–որ բան եմ գրում, ինձ թվում է, որ, այո՛, պատմությունն իր հունով գնում է, և կերպարներն էլ ապրում են: Դասընթացն ինձ օգնեց մի փոքր ավելի վստահ լինել»:
Այս դասընթացի առավելություններից մասնակիցներն առանձնացնում են միասին մեկմեկու նոր գործերը քննարկելու ավանդույթը: Սա գուցե այդքան էլ ընդունված չէ մեր տարածաշրջանում, սակայն Եվրոպայում, ԱՄՆ-ում գրողներն իրենք են շահագրգռված, որ չտպագրված պատմությունները նախ քննարկեն գրչակից ընկերների, հետո արդեն ներկայացնեն խմբագրին ու հրատարակիչն:
«Գրենք Հայաստանում» ստեղծագրության ճամբարի մասնակիցները տպավորված, մոտիվացված հրաժեշտ են տվել իրար ու խոստացել՝ գրելիս չմոռանալ բոլոր խորհուրդները, որ ստացել են կայացած ու փորձառու գրողներից: Պանելային քննարկման ավարտին Արևիկ Աշխարոյանը հրաժեշտ տալով Ելենային ու Բերտային՝ նկատեց՝ «Զապել» կին գրողների միջազգային ֆորումը կսպասի նրանց արդեն որպես կայացած ու հմուտ գրողների: