
Ֆիլիզ Այգյունդյուզը ծնվել է 1971թ․ Ստամբուլում։ Ավարտել է Միմար Սինանի Համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։
Սկսել է լրագրողի իր կարիերան 1992-ին «Տոպազ» մշակութային ամսագրում։ 1995թ․ սկսեց գրել կանանց «Քիմ» և մշակութային արվեստի «Նեգատիֆ» ամսագրի համար, որոնց խմբագիրն էր Դույգու Ասենան՝ Թուրքիայի ամենակարևոր կին լրագրողներից և գրողներից մեկը, ինչպես նաև Թուրքիայում կանանց շարժման առաջատար ներկայացուցիչը:
1999թ․ Ֆիլիզ Այգյունդյուզը սկսեց աշխատել Միլլիեթ թերթի մշակույթի և արվեստի բաժնում՝ որպես Միլլիեթ Սանաթ ամսագրի թղթակից։
2007-ին նա դարձավ Միլլիեթ թերթի մշակույթի և արվեստի բաժնի ղեկավարը։ Միլլիեթ Սանաթ ամսագրում որպես թղթակից, խմբագիր և հրատարակման համակարգող աշխատելուց հետո, 2008-ին նշանակվեց ամսագրի գլխավոր խմբագիր։
Այգյունդյուզը հոգեբանության մագիստրոսի կոչում ստացավ Այդին Համալսարանում։ Գրել է «Թող մայրս տեսնի ինձ», «Արքայազնը չսիրեց արքայադստերը» և «Քանի զանգ է մնացել» վեպերը, որոնք հրատարակվել են «Դոգան քիթափ» հրատարակչության կողմից։ Նա նաև հոգեբույժ Ալփեր Հասանօղլուի հետ համահեղինակել է «Եկեք խոսենք կյանքի մասին» գիրքը։
Այգյունդյուզը ներկայումս Թուրքիայի ամենահին արվեստի և մշակույթի ամսագրերից մեկի՝ 52-ամյա Միլլիեթ Սանաթ ամսագրի գլխավոր խմբագիրն է՝ և ղեկավարում է Միլլիեթ Քիթափ հավելվածը:
Միլիիեթ թերթի իր՝ «Մի բաժակ սուրճ» սյունակում կիրակի օրերին գրում է մշակույթին և արվեստին նվիրված հոդվածներ։
Ֆիլիզն ընտրվել է որպես մենթոր և դասախոս՝ մասնակցելու 2024 թ հունիսի 17-22-ը Երևանում անցկացված «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարին, որին մասնակցում էին երիտասարդ գրողներ և լրագրողներ Հայաստանից և Թուրքիայից: