Նրանց համար
ովքեր
տուն չունեն
նրանց համար
ովքեր
տուն ունեն
բայց հոգնել են արդեն
դրանից
եւ ուզում են
տուն չունենալ
Նրանց համար
ովքեր
կորցնելու
ոչինչ չունեն
արդեն
կամ էլ չեն ունեցել
երբեւէ
նաեւ նրանց համար
ովքեր
էնքան շատ բան ունեն
կորցնելու
որ հոգնել են արդեն
վախենալուց
Ես ուզում էի կառուցել
քաղաք
բոլորովին նոր
ու տարբեր
գոյություն ունեցած բոլոր
քաղաքներից
Բայց չեմ հասցնի
երեւի
դրա համար էլ
էսօր
նոր տարվա
նախօրեի
էս առավոտը
նստեցի ու գրեցի
էս
բանաստեղծությունը