
Անուշ Քոչարյանը գրող է, մշակութային լրագրող եւ պրոդյուսեր։ Երեւանի պետական համալսարանի «Լրագրության» ֆակուլտետի մագիստրոս է, ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդության ծրագրի շրջանավարտ։ Անուշը ղեկավարում է մշակութային-վավերագրական ծրագրեր, «Հովեր» պետական կամերային երգչախմբի եւ «Սաղսարա» նախագծի պրոդյուսերն է, «4պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնի տեքստային խմբագիրը, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնների գլխավոր խորհրդատուն։
Դասավանդել է Երեւանի պետական համալսարանում, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, մասնավոր կրթական կառույցներում։ Կին գրողը ՓԵՆ Հայաստան կենտրոնի անդամ է։ Մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ Անուշ Քոչարյանը ճանաչվել է «Եվրոդրամ» թատերգության թարգմանչական եվրոպական ցանցի՝ 2014 թվականի հաղթող, 2015-ին դարձել է Նյուրնբերգի պետական թատրոնի գրական մրցույթի երկրորդ մրցանակակիր, 2018-ին հաղթել է «Գրքի երեւանյան փառատոնի» «Պոեզիա» անվանակարգում։
Հեղինակի գրական գործերը թարգմանվել են անգլերեն, վրացերեն, գերմաներեն։ Ավելի քան 100 հարցազրույցի եւ մշակութային հոդվածների հեղինակ է, Հայաստանում հայտնի «Բալկոն» հեղինակային նախագծի հիմնադիրը։ Նա մասնակից է մի շարք միջազգային փառատոնների եւ ծրագրերի։ Հեղինակի առաջին գիրքը՝ «Վայրի խոտեր» պոեզիայի ժողովածուն, լույս է տեսել 2022 թվականին։
Ներկայումս Անուշն աշխատում է վեպի վրա, որը ներկայացնում է հետխորհրդային Հայաստանի կյանքը՝ վաղ 90-ականներից մինչեւ մեր օրեր՝ ներկայացնելով անկախության պատմությունը և պատերազմների միջով անցած երկրի ու իր սերնդի տրավմատիկ հիշողությունն ու ներկան։