Ողջո՛ւյն բոլորին:
Անունս Դեֆնե Սուման է: Այսօր ձեզ հետ մի քիչ կզրուցենք վարպետության դասի շրջանակներում: Սա իմ աշխատասենյակն է, իմ գրելու սենյակը: Սկսեմ պատմել օրվա իմ ռեժիմից. գուցե ձեր մեջ գտնվող ապագա գրողների համար ոգեշնչող լինի: Ինձ համար օրվա ռեժիմը շատ կարևոր է: Ինչպես որ կյանքն իր ռիթմն ունի, այնպես էլ տեքստն ու ստեղծարարությունն էլ իրենց ռիթմն ունեն: Այդ պատճառով ցանկանում եմ ձեզ մի քիչ պատմել այս սենյակում անցնող իմ օրվա ռիթմի մասին:
Ինչպես որ կյանքն իր ռիթմն ունի, այնպես էլ տեքստն ու ստեղծարարությունն էլ իրենց ռիթմն ունեն:
Այս հատվածն իմ յոգայի տարածքն է: Oրս յոգայով եմ սկսում: Իրականում այնքան էլ ճիշտ չեմ ասում: Արթնանալուց հետո նախ և առաջ սուրճ եմ խմում: Սուրճս այստեղ` այս բազկաթոռին եմ խմում: Սուրճ խմելիս էլ սովորաբար վեպ կամ պատմվածք եմ ընթերցում: Անպայման նախընտրում եմ կարդալ գրական ստեղծագործություն: Իդեալական օրվա ռեժիմի դեպքում հնարավորինս աշխատում եմ հեռու մնալ հեռախոսից կամ համակարգչից, այսինքն՝ արտաքին աշխարհից եկող հնարավոր բոլոր տեղեկություններին ականջ չեմ դնում, աչք էլ չեմ գցում: Այստեղ նստած, սուրճիս գավաթը ձեռքիս՝ գրադարանս եմ աչքի անցկացնում և ինձ կանչող մի գիրք եմ վերցնում և երկրորդ, երրորդ անգամ վերընթերցում կամ էլ, եթե այդ պահին վեպ եմ կարդում, դրանից մի երկու-երեք գլուխ եմ ընթերցում, հետո այստեղ` այս կողմում, սկսում յոգա անել: Յոգան ինձ համար շատ կարևոր է: Ինձ համար յոգան կենտրոնանալու, ուղեղս փոքր ու մեծ խնդիրներից անջատելու, ինչպես նաև խորամուխ լինելու, իրականը ոչ իրականից զատելու համար շատ լավ միջոց է: Դրա մասին քիչ հետո կխոսեմ։ Այդ պատճառով էլ ամեն օրս անպայման յոգայով՝ հաթհա յոգայով եմ ցանկանում սկսել, հետո կարճ մեդիտացիա եմ անում: Դե, դրանք էլ մեկը մյուսի հետ փոխկապակցված բաներ են: Դրանից հետո օրվա գործերս եմ անում, հիվանդ ամուսնուս եմ խնամում, ցրված սկլերոզով է տառապում ու կատուներին մասին եմ հոգ տանում:
Ինձ համար յոգան կենտրոնանալու, ուղեղս փոքր ու մեծ խնդիրներից անջատելու, ինչպես նաև խորամուխ լինելու, իրականը ոչ իրականից զատելու համար շատ լավ միջոց է:
Այս ամենն ավարտելուց հետո սիրում եմ դուրս գալ զբոսանքի՝ մոտ մեկ ժամ: Այգում եմ քայլում կամ սրճարանում նստում, տետրումս գրառումներ եմ անում: Հիմա սկսեմ տետրում գրառումներ անելուց: Իմ կարծիքով, գրող լինելու կարևոր մասն է գրելը: Սա ասում եմ, որովհետև, շատերը մտքում մի հրաշալի պատմություն ունենալու պատճռով են ցանկանում գրել: Իրականում չենք գրում, որովհետև մտքներումս մի լավ պատմություն կա, գրում ենք, որովհետև կարողանում ենք նախադասություն կազմել: Եվ եթե նախադասություն կազմելը մասամբ ընդունակություն է, ապա մեծամասամբ նաև աշխատանք ու կրկնություն պահանջող արհեստ է:
Ամեն օր մի քիչ գրելը, ինչպես նշում են բոլոր արվեստագետները, զարգացնում է ստեղծարարությունը:
Իմ տետրը միշտ ձեռքիս տակ է: Էստեղ է, ինչպես տեսնում եք: Մշտապես, մանկությունիցս սկսած տետր եմ պահում, կողքին էլ գրչատուփ, մեջը` գրիչներս: Եվ ամեն օր մի քիչ գրելը, ինչպես նշում են բոլոր արվեստագետները, զարգացնում է ստեղծարարությունը: Ես հենց դա էլ փորձում եմ անել, հատկապես երբ շարունակ տանն եմ աշխատում: Ընդ որում սա անցողիկ մի շրջան չէ, ես` որպես գրող, միշտ էլ տանն եմ աշխատում: