-Բարև, ես Ասլը Պերկերն եմ:
Նախ մի քիչ ինձ ներկայացնեմ: Ծնվել եմ 1975թ.-ին՝ Իզմիրում: Սովորել և ավարտել եմ Ամերիկյան մշակույթի և գրականության ֆակուլտետում: Վերջերս սկսել եմ մագիստրոսական կրթությունս հոգեբանության ոլորտում և ուր որ է կավարտեմ: 14 տարեկանում որոշեցի գրող դառնալ: Սա շատ կարևոր է, որովհետև գրեթե բնավորությանս բոլոր գծերը, տարիներս, ինքնությունս սրա հետ մեկտեղ են կերտվել: Երբևէ չեմ մոռանա՝ 14 տարեկանում ննջասենյակումս երգ էի երգում։ Երեկո էր, այդ ժամանակ արվեստի շատ ճյուղերով էի հետաքրքրված` երաժշտություն, նկարչություն, քանդակագործություն, մի կողմից էլ կամաց-կամաց փոքրիկ թղթերի վրա սկսել էի կարճ-կարճ գրառումներ անել, ոչ ավելին: Չորս տարի օրագիր էի պահում: Դա էլ կար: Ավելի ճիշտ այդ շրջանում սկսեցի պահել օրագիր: Հետո մի օր` էդ երեկո, իմ կողմից մի շատ սիրված երգ երգելուց հետո կանգնեցի սենյակում և ասացի՝ «Ես գրող եմ դառնալու»։
Շատ լավ, ո՞նց եմ գրող դառնալու, ինչպե՞ս են գրող դառնում որ։ Գլխի եմ ընկնում, որ ներքուստ գրելու ձիրք ունեմ, բայց գրող դառնալու ցանկությանս հիմնական պատճառը ընթերցանությունը շատ սիրելն էր։ Անդադար գիրք էի կարդում։ Ամենալավ ընկերներս գրքերն էին։ Սա, իհարկե, կլիշե արտահայտություն է, բայց դա իր պատճառն ուներ, որովհետև ես մեծացել եմ՝ մի քաղաքից մյուսը տեղափոխվելով։ Երկու տարին մեկ քաղաք էի փոխում: Եվ այդքան շատ քաղաք փոխելիս, իհարկե, ընկերներ էի ձեռք բերում, բայց, կարծում եմ, այդ օրերին ինձ համար ամենահարազատը՝ կարդացածս գրքերն էին և ընտանիքս, մայրս: Շատ լավ, ասացի, հասկանում էի, որ կարող էի կարդացածս գրքերի նման բաներ գրել, որովհետև դրանք կարող էին իմ մտքերն էլ լինել, այդ զգանցումնքների մասին ես էլ կարող էի պատմել: Թուրքերենի դասերի, ինչպես նաև քերականության մասնավոր դասերի սկսել եմ հաճախել շատ վաղ տարիքում: Սա շատ կարևոր է, բնականաբար: Մայրս այս հարցին լուրջ էր մոտենում:
9 տարեկանից թուրքերենի մասնավոր դասեր սկսեցի վերցնել, որպեսզի գերազանցությամբ տիրապետեմ լեզվին: Այնտեղ ինձ բավական հասուն էի զգում, ճիշտն ասած, դպրոցում էլ էի լավ սովորում: Լա՛վ, ասացի, ես գրող կդառնամ: Բայց «բա՛րև, ես գրող դարձա» ասելով, ինձ մեջտեղ գցելով, ոչ ոք ինձ գումար չէր տա: Պետք է գումար վաստակեի: Ինչպե՞ս կարող էի վաստակել: Մտածեցի` լրագրող դառնամ: Եթե լրագրող լինեմ, և՛ կկարողանամ գրել, և՛ գումար կվաստակեմ: Շա՛տ լավ, ասացի. ես լրագրություն կսովորեմ: Հետո, ասացի, էսպես կանեմ: Էս ամենը մի գիշերվա մեջ է լինում. նախ լրագրող դառնամ, հետո կգնամ Ստամբուլ: