Ո՞րն է գրողի պարտականությունը, ինչո՞ւ է մեկուսացած կին գրողը, ի՞նչ է պետք փնտրել գրականության և քաղաքականության մեջտեղում կամ ի՞նչ երանգներ ու շեշտադրումներ ունի հետպատերազմական թեման գրական գործերում։ «Զապելի» կին գրողներն արդեն պատասխանել են այս հարցերին և սա միայն մեկնարկային կետն է:
Ելույթներ, դասախոսություններ, հարցազրույցներ, պանելային քննարկումներ… Հասարակության մեջ կին գրողի դերը հասկանալու և նաև բացատրելու նպատակով «Զապելը» մեկ հարթակում է համախմբել գրողին և ընթերցողին։ Նաև հնարավորություն տվել՝ բաց երկխոսություններ անցկացնել և անկեղծ շփման միջոցով փնտրել լուծումներ և գտնել դրանց հասնելու ուղիները։ «Զապելի» կարևորագույն առաքելությունն այսօր իրականություն է դարձել՝ «ԱՐԻ» գրականության հիմնադրամի «Մշակութային դիվանագիտության ուժը․ գրականություն առանց սահմանների» ծրագրի շնորհիվ, որը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ» (ATNP-3) ծրագրի կողմից և իրականացվել Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից։
Այս յուրօրինակ համագործակցության շրջանակում 6 ամիսների ընթացքում zabel.am հարթակում ներկայացվել են թուրք գրողներ Դեֆնե Սումանի ու Ասլը Պերկերի գրական ուղիները, նրանց վարպետության դասերը, պանելային քննարկումները:
Բացի այդ, հերթական անգամ իրականացվել է «Գրենք Հայաստանում» «ԱՐԻ» գրականության հիմնադրամի ամենահաջողված նախագծերից մեկը։ Ստեղծագրության միջազգային ճամբարն այս անգամ մեկ նպատակի շուրջ էր հավաքել հայ և թուրք երիտասարդ գրողներին։ Իսկ նպատակը՝ գրական աշխարհին ավելի մոտ կանգնելն ու մասնագիտական նշաձողը բարձրացնելն էր, ինչպես նաև միմյանց ճանաչելը և երկխոսություն սկսելը։
Դասախոսություններ, ընթերցումներ, խմբային քննարկումներ. գրող-դասախոսների և հրավիրված մասնագետների հետ ծրագիրը հագեցած էր և ուսուցողական։ «Գրենք Հայաստանում» ծրագրի նախորդ տարիների մասնակիցներն արդեն իսկ հաջողության պատմություններ են գրանցում՝ դեբյուտային ստեղծագործություններ, մրցանակներ, նոր հեռանկարներ։ Եվ այս ամենի հիմքում՝ ծրագրի շրջանակում ստեղծված միջազգային գրական կապերը և անկեղծ երկխոսությունն են։
Համագործակցության վերաբերյալ ֆիլմով էլ ամփոփվել են համատեղ աշխատանքի 6 հագեցած ամիսները: