
«Էջ» հրատարակչությունը մեկնարկեց «Կանայք զոհ չեն․ հետպատերազմ» մատենաշարը, որը համաֆինանսավորում է Եվրոպական Միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրով։ Մատենաշարում ընդգրկված է Եվրոպացի կին հեղինակների 6 գիրք, ինչպես նաև մեկ հայ հեղինակի՝ Նարինե Կռոյանի «Ճաճերի ժամանակը» վեպը, որը կթարգմանվի իսպաներեն և ֆրանսերեն։ Բոլոր գրքերի հեղինակներն իրենց երկրներում ականավոր գրողներ են, իսկ գրքերը ներկայացնում են կանանց ճակատագրերը պատերազմների կիզակետում։ Գրքերի սյուժեները ծավալվում են երկրորդհամաշխարհայինից մինչև մեր օրեր՝ Ուկրաինայի և Վրաստանի պատերազմները, Իսպանիայումքաղաքացիական պատերազմը և եվրոպական տարածաշրջանի այլ հակամարտություններ։
Առաջին գիրքը, որ լույս տեսավ այս ծրագրի շրջանակներում, վրացի գրող Թամթա Մելաշվիլիի «Ասելուկ» վեպն էր։ Մարտի 22-ին Վուդս կենտրոնում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև ինքը՝ հեղինակը։
Թամթա Մելալշվիլին գրող է, ակտիվիստ և հետազոտող։ Ապրում և աշխատում է Թբիլիսիում։ Երեք վեպի, բազմաթիվ պատմվածքների և ոչ գեղարվեստական գործերի հեղինակ է։
Մելաշվիլին ճանաչում է ձեռք բերել բարդ սոցիալական խնդիրներին անդրադառնալու իր ունակության համար՝ հաճախ կենտրոնանալով գենդերային, պատերազմի և հասարակական պայքարի հետ կապված թեմաների վրա:
Նա մի քանի մրցանակներ է ստացել գրականության մեջ իր ավանդի համար, այդ թվում՝ SABA գրական մրցանակը Վրաստանում և գերմանական Jugendliteraturpreis-ը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: 2010թ․ հրատարակված «Ասելուկը» հեղինակի դեբյուտն է, որը նրան դարձրեց վրացական գրականության՝ նոր, տարբերվող ձայներից։
Վրացի ականավոր ժամանակակից գրող Թամթա Մելաշվիլիի «Ասելուկ» վեպը պատում է տեղական հակամարտության զոհերի մասին։ Թե ինչպես են մեծ տիրությունների որոշումները փոշիացնում բազում կյանքեր և կոտրում երեխաների հույսերը։ Խոսքը 2008թ․ օգոստոսի ռուս-վրացական պատերազմի մասին է, թեև գրքում ո՛չ երկրներ, ո՛չ տեղանուններ նշված չեն։
Գրքում նկարագրված են զինված հակամարտության գոտում մնացած երկու տասներեքամյա աղջիկների կյանքի երեք օրերը։ Երկու ընկերուհի, որոնց նախանշված էր սպասվածից ավելի շուտ մեծանալ: Պատասխանատվություն սեփական կյանքի, չափից ավելի հոգատարություն սիրելիների համար, գոյատևում․ այս ամենը բաժին հասավ նրանց պատանեկության տարիներին:
«Ասելուկ» վեպը բողոքի ձայն է ցանկացած պատերազմի դեմ, ցանկացած վայրում:
Գիրքը վրացերենից թարգմանել է Ասյա Դարբինյանը, խմբագրել Արմեն Օհանյանը։