«ԱՐԻ» գրականության հիմնադրամի և Newmag հրատարակչության նախաձեռնությամբ, մեկնարկում է «Զապել» կին գրողների միջազգային ֆորումը: Ֆորումի գլխավոր նպատակն է ստեղծել կին գրողների համար մշտական գործող առցանց, իսկ ապագայում նաև իրական հարթակ: Այստեղ նրանք հնարավորություն կունենան ներկայացնել իրենք իրենց՝ կայացման ինչ ճանապարհ են անցել, կխոսեն մարտահրավերների մասին, որոնք հաղթահարել են և հիասթափությունների, որոնք անխուսափելի են:
Ի սկզբանե «ԱՐԻ» հիմնադրամի ու Newmag հրատարակչության նպատակն էր իրականացնել ոչ թե ֆորում, այլ փառատոն: Սակայն կորոնավիրուսի պատճառով, նախագծում փոփոխություններ եղան: «Զապելի» համահիմնադիր Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը վստահեցնում է՝ երբ աշխարհը հաղթահարի համավարակը, երկրների սահմանները բացվեն, Հայաստանում կանցկացնեն կին գրողների միջազգային փառատոն.
«Համավարակով պայմանավորված մեր ծրագրերի ադապտացումը նոր իրականությանը տվեց ավելի հետաքրքիր արդյունք։ Ի սկզբանե նախատեսված եռօրյա փառատոնի փոխարեն այժմ գործակել ենք առցանց հարթակ, որը գործելու է ամբողջ տարին»։
ֆորումը առիթ է ընթերցողին ու գրողին ծանոթացնել միմյանց հետ:
«ԱՐԻ» գրականության հիմնադրամի և համանուն գրական գործակալության հիմնադիր Արևիկ Աշխարոյանի խոսքով, ընթերցողը գրեթե չի ճանաչում հայ ժամանակակից կին գրողներին: Իսկ ֆորումը առիթ է ընթերցողին ու գրողին ծանոթացնել միմյանց հետ.
«Որպես գրական գործակալ` գործունեությանս առաջին իսկ ամիսներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ նրանց տեսանելիությունը գրահրատարակչական դաշտում բավականին սահմանափակ է, դերն էլ` թերագնահատված: Պատճառներն ավանդապաշտական ու մշակութային արմատներ ունեն և ամենևին կապ չունեն կանանց և տղամարդկանց միջև գրողական շնորհի բաշխվածության հետ։ Սակայն այդ կարծրատիպերը կոտրողներ էլ են եղել և այժմ էլ կան»:
Փառատոնի ուշադրության կենտրոնում է կին գրողի դերը մշակույթում, հասարակությունում և հասարակության դերը կանանց գրականությունում: «Զապել» միջազգային ֆորումի համահիմնադիր Արևիկ Աշխարոյանի գնահատմամբ, ժամանակն է ազատվել այն գաղափարից, որ կինը`որպես գրող սահմանափակված է «թույլատրելիի» սահմաններով կամ, որ գրող լինելը կնոջ «գործ չէ».
«Իր օրինակով Զապել Եսայանը, ինչպես նաև ֆորումի մասնակից մյուս` թե՛ հայ, թե՛ օտարազգի կանայք ամենևին նպատակ չունեն ապացուցելու իրենց գոյության կարևորությունը կամ շնորհի համարժեքությունը իրենց տղամարդ գրչընկերների հանդեպ։ Ֆորումը կտրամադրի հարթակ` ներկայանալու և միջազգային մակարդակում երկխոսություն ստեղծելու համար։ Մասնակիցներն իրենց օրինակով կոգևորեն երիտասարդներին և գրող լինելու բացարձակ քաջությունը կփոխանցեն մեզ բոլորիս՝ ապրելու, ստեղծագործելու և երջանիկ լինելու համար»:
Ընթերցողը գրողից կլիսի ամենատարբեր թեմաների վերաբերյալ իր գնահատականները՝ քաղաքակնությունից մինչև արվեստ, առօրյա հոգսերից մինչև գրականագիտական լուրջ վերլուծություններ:
Ֆորումի ծրագրում նախատեսված են ելույթներ, դասախոսություններ, հարցազրույցներ, պանելային քննարկումներ։ Ըստ Արտակ Ալեքսանյանի, ընթերցողը գրողից կլիսի ամենատարբեր թեմաների վերաբերյալ իր գնահատականները՝ քաղաքակնությունից մինչև արվեստ, առօրյա հոգսերից մինչև գրականագիտական լուրջ վերլուծություններ.
«Առցանց ձևաչափը տալիս է, ըստ էության, հաղորդակցության բոլոր հնարավորությունները։ Նախ, ֆորումը միջազգային է, հետևաբար կլինեն շատ հայտնի համաշխարհային անուններ։ Հետո, այն կառաջարկի տարբեր ձևաչափեր. Մի հեղինակը կանի բաց դասախոսություն, մյուսը կմասնակցի հարցազրույցին, երրորդը՝ պանելային առցանց քննարկմանը»։
Հայաստանում և սփյուռքում ապրող և ստեղծագործող հայ գրողներից բացի, ֆորումում կլինեն նաև միջազգային մեծ ճանաչում վայելող ստեղծագործողներ: Մեր կայքում պարբերաբար կներկայանենք գրողներին՝ իրենց գործերով ու պատմություններով: