Իր գրական գործունեության ընթացքում Զապել Եսայանը 13 անուն գիրք էր հրատարակել, հայերենով ու ֆրանսերենով հոդվածներ էր տպագրել տեղական ու միջազգային մամուլում, բարձր ամբիոններից կոչերով ու ելույթներով էր հանդես գալիս ու մինչև կյանքի վերջ նրա պայքարը մեկ անուն ուներ՝ արդարություն: Պոլսահայ գրողի գրական գործերի, հասարակական գործունեության ու նրա ստեղծագործությունների արդիականության մասին զրուցել ենք Թուրքիայում ծնված, ԱՄՆ-ում բնակվող հայ պրոֆեսոր Մելիսսա Բիլալի հետ:
Զապելի կյանքն անցել է փախուստների ու վերադարձների միջով ու նրա գրականությունն էլ դարձել է այդ ամենի վավերագրությունը:
Մելիսսա Բիլալը դեռ պատանեկության տարիներից է հետաքրքրվել Զապել Եսայանի գրական գործերով: Ժամանակի ընթացքում սկսել է նաև թարգմանել թուրքերենով, արխիվներում ուսումնասիրել նրա գրական ժառանգությունը: Համոզված է՝ Եսայանը պոլսահայ ֆեմինիստական գրականության առաջամարտիկներից է. «Նրա գործերը հայերենով ու ֆրանսերենով, ճառերն ու նամակները քաղաքական ու ճակատագրական շեշտադրումներով մեծ հետեւանքներ ունեցան: Նա երբեք ո՛չ իր գործերում, ո՛չ էլ ճառերում մակերեսային չի եղել. Զապելը յուրահատուկ էր»:
Սրբուհի Տյուսաբը Զապել Եսայանի գրական ճաշակի, քաղաքական հայացքների վրա մեծ հետք է թողել: Նրա տանը հաճախ էր լինում: Մելլիսա Բիլալը նկատում է՝ Զապելի կյանքն անցել է փախուստների ու վերադարձների միջով ու նրա գրականությունն էլ դարձել է այդ ամենի վավերագրությունը. «Առաջին հայ կանանցից է, որ ուսում է ստացել Սորբոնում: Կանանց իրավունքների, հասարակությունում նրանց դիրքի բարելավման մասին հոդվածներ էր գրում, եվրոպական կանանց՝ հատկապես ֆրանսիացի ֆեմինստների էր հետևում, մասնակցում նրանց կազմակերպած ժողովներին»:
Զապելի գործերն իրենց արդիականությունը պահպանում են մինչ օրս՝ նրա գրչով գրված գործերում կարելի է հանդիպել այն ապրումները, որ հայ ժողովուրդն ուներ ինչպես 20-րդ դարի ջարդերի, այնպես էլ հիմա՝ Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ:
Զապելն աչքի էր ընկնում իմաստուն կնոջ հատկանիշներով, նա շեշտում էր կնոջ դերը սերունդների զագացման գործում: Իր գործողություններում ու հոդվածներում դատապարտում էր կնատյացությունը, դասային և ցեղային տարանջատումը: Կինն ազատ պետք է լինի իր մտքերով, գործով, ցանկություններով. «1909-ի ջարդերի ժամանակ նա աչքի է ընկնում ոչ միայն գրական գործերով, այլև որպես մտավորական իր ջանքերի կենտրոնացմամբ: Ականատեսների վկայությունները հավաքում ու տպագրում էր պարբերականներում: Նաև զբաղված էր որբահավաք ու որբախնամ գործով»:
Կարդացեք նաև
- Զապել Եսայան. «Գրականությունը զարդանախշ, հաճելի ժամանց կամ գեղեցիկ ծաղիկ չէ, գրականությունն անարդարության դեմ պայքարելու զենք է»
- Ով է Զապելը
Մինչև աքսորը նա տեղափոխվում է հայրենիք ու բնակություն հաստատում Երևանում: Գրական գլուխգործոցներ տպագրելուց բացի, դասավանդում էր ԵՊՀ-ում, Գրողների միության անդամ էր, ամենուր ինքն էր ներկայացնում Հայաստանը:
Մելիսսա Բիլալն ու իր գրչակից ընկերները պատրաստվում են տպագրել հայ անվանի 12 կին գործիչների մասին, որոնց մեջ է նաև Զաբել Եսայանը: Բիլալի խոսքով, Զապելի գործերն իրենց արդիականությունը պահպանում են մինչ օրս՝ նրա գրչով գրված գործերում կարելի է հանդիպել այն ապրումները, որ հայ ժողովուրդն ուներ ինչպես 20-րդ դարի ջարդերի, այնպես էլ հիմա՝ Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ: Եսայանն իր գործերում կատարում է պատերազմի դասակարգային հետազոտություն, ցույց տալիս դաժան հետևանքների անդրադարձը հասարակ ժողովրդի ու սերունդների վրա: Պոլսահայ գրողը դեռ այն ժամանակ էր անդրադարձել հետպատերազմյան տրավմաներին: