Սուսաննա Հարությունյանը Հայաստանի ամենահեղինակավոր կին գրողներից է՝ ունի 8 հրատարակված գրքեր և բազմաթիվ պատմվածքների ժողովածուներ: Նրա հերոսը գյուղացին է, թեմաները՝ մեր շուրջբոլորը կատարվող դեպքերը: «Զապել» ֆորումում Սուսաննա Հարությունյանը խոսել է իր գրական առաջին հերոսի, հայ կին գրողի խնդիրների և այն մասին, թե ինչու է իր գործերում ներկայացնում կյանքն ինչպես որ է:
Երբ ես հեքիաթ էի
Ես Սուսաննա Հարությունյանն եմ: Ես սկսեցի գրել 10 տարեկանում: Առաջին պատմվածքս վերնագրված էր «Երբ ես հեքիաթ էի», և այն տպագրվեց «Պիոներ կանչ» մանկապատանեկան թերթում: Ես վերսկսեցի գեղարվեստական գործեր գրել համար, երբ 25 տարեկան էի: 35-ից 37 տարեկան հասակում սկսեցի գրել ավելի լուրջ վեպեր: Դա այն ժամանակն էր, երբ իմ երեխաներն արդեն ուսանող էին, և նրանք իրականում այլևս իմ խնամքի կարիքը չունեին:
Իմ գլխավոր հերոսը գյուղացին է
Իմ վեպերի գլխավոր հերոսները հիմնականում հասարակ մարդիկ են: Եվ քանի որ ես ծնվել եմ գյուղում, Վարդենիսում, գյուղն ու գյուղացու անհատականությունն ավելի մոտ են իմ սեփական անձին ՝ թե՛ դժվարությունների, թե՛ հաղթահարելու, և թե՛ աշխարհից կտրվելու, անտեսված լինելու առումով: Երբ բացում ես գյուղացու հոգու ավելի հեռու անկյունները, ինքդ քեզ համար շատ նոր բաներ ես պարզում:
Կյանքն ինչպես կա
Ես իրատես գրող եմ և ամեն ինչ ներկայացնում եմ այնպես, ինչպես կա: Երբ փորձում եմ գույներ ներդնել և ներկայացնել իրերն այնպես, ինչպես ուզում եմ, պետք է խոստովանեմ, որ փչացնում եմ գրական կտորը: Իմ ստեղծագործություններում երեւակայական մասը, ցավոք, բացակայում է: Ինչու ցավոք, որովհետեւ գոնե գեղարվեստական գրականության մեջ պետք է գոյություն ունենա երեւակայական տարրը:
Կյանքն ու թեմաները չեն փոխվում. փոխվում է հեղինակը
Կյանքի ու գրականության արանքում կանգնած հեղինակը միակն է, ով կարող է ներկայացնել ժամանակը, գրականության և կյանքի իր ընկալումը: Եթե մենք 5-րդ դարում ապրեինք, ապա կարող էինք որոշ հայտնագործություններ, գյուտեր անել համաշխարհային մշակույթում: Բայց մեր օրերում այն այնքան հարուստ, զարգացած և լավ ուսումնասիրված է, որ միակ եզակի բանը, որ կարող ենք անել, մեր անհատականությունն ու սեփական տեսակետներն առաջ բերելն է:
Հայ գրողը մեկուսացած է
Նախկինում Հայաստանում տեղի էին ունենում բազմաթիվ ամենամյա ֆորումներ, օրինակ ՝ «Գրական կամարը», որտեղ դրսից եկած շատ գրողներ էին գալիս, և մենք շփվում էինք նրանց հետ, ինչը շատ արդյունավետ էր: Այս 30 տարիների ընթացքում հայ գրողները մեկուսացվել են, և նրանք դեռ այնքան չեն վաստակում, որ կարողանան ինքնուրույն ճանապարհորդել, և ոչ էլ արտասահմանյան գրողներն են գալիս այստեղ: Եվ ճեղք է հայտնվում մեր և աշխարհի միջև: Շատ դեպքերում մենք ընտրում ենք նյութը, թեման և գրում ենք, բայց չգիտենք ՝ այն կընդունե՞ն , կհասկանա՞ն, օրինակ, եվրոպացիները: Միջանձնային հաղորդակցությունը շատ կարևոր է: Եվ որքան դա գոյություն ունենա, այնքան ավելի կհարստացնենք և՛ մեր միջմշակութային հարաբերությունները, և՛ մեզ ՝ որպես գրողներ: