2020-ի սեպտեմբերին լույս տեսավ Աննա Դավթյանի «Խաննա» վեպը: Համավարակի և պատերազմի օրերին այս գործն ընթերցում էին շատերը, սոցցանցերում ամիսներ անց էլ չի դադարում տաղանդավոր գրողի համարձակ գործի վերաբերյալ կարծիքները: «Խաննան» բանաստեղծ, լուսանկարիչ Աննա Դավթյանի առաջին վեպն է:
Գրողի համար հաճելի էր լսել դրական արձագանքներ, հատկապես, որ անսպասելի էր. «Նույնիսկ անոտացիա ու նախաբան չեմ գրել, որ թողնեմ ընթերցողներն իրենք որոշեն, առանց ուղղորդումի, թե ինչ է այս վեպն իրենց համար՝ պատերազմ, սեր, բիզնես, սեքս, երկիր կամ այլ մի բան: Իրականում շատ տպավորված եմ, որ մեր հասարակությունը ընկալեց «Խաննան»: Այն կարող էր դառնալ սկանդալային մի պատմություն, բայց շատ ավելի թանկ արձագանքներ ստացավ։ Դա խոսում է ահագին բանի մասին»։
Գրքում Հայաստանն է, մենք ենք, մեր սիրո ու ատելության տոներն ու օրերն են, մեր երկիրը՝ Հայաստանը՝ իր բնությունով, մարդկանցով, վարքուբարքով, սովորական կյանքով ու անսովոր սովորույթներով:
Վեպը տպագրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Աջակցություն ստեղծագործողներին եւ հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Աննա Դավթյանը «Խաննան» սկսել է գրել 2018-ի հոկտեմբերից: Ընթացքը երկար չի տևել, սակայն 2020-ի մարտին, երբ վեպն արդեն տպարանում էր, մեկ շաբաթ անց ազդարարվեց արտակարգ դրությունը ու սկսվեց սպասման փուլը։
Հրատարակչությունը՝ «Մետրո», խմբագիր՝ Վիոլետ Գրիգորյան, սրբագրիչ՝ Թագուհի Սուսլիկյան, գրքի ձեւավորումը՝ Գոհար Գրիգորյանի, շապիկի նկարը՝ Սոնա Աբգարյանի։