Օկլահոմայի համալսարանի`«Համաշխարհային գրականությունն այսօր» գրականության և մշակույթի միջազգային ամսագիրը հայտարարել է 2022թ. Նոյշտադտ գրականության միջազգային մրցանակի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները: Այս հեղինակավոր մրցանակը տրվում է համաշխարհային գրականության մեջ կարևոր ներդրում ունեցող անձանց և համարվում է աստիճան դեպի Նոբելյան մրցանակ:
2022թ. Նոյշտադտի մրցանակի հավակնորդներին շնորհվելու է 50,000 դոլար: Եզրափակիչում հայտնված տասը մասնակիցներից է Միշլեն Ահարոնյան Մարքոմը (ԱՄՆ)՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպով:
Նոյշտադտի ժյուրին ընտրեց եզրափակիչ փուլ անցնող ստեղծագործողներին, ովքեր կհանդիպեն հոկտեմբերի 25-27-ին 2021-ի Նոյշտադտ գրական փառատոնի շրջանակներում, որպեսզի ընտրեն հաղթողին:
Միշլեն Ահարոնյան Մարքոմն ամերիկացի գրող է, յոթ վեպի հեղինակ: Վեպերի շարքում է նաև Հայոց ցեղասպանության և 21-րդ դարում դրա հետևանքների մասին եռագրությունը: Նրա առաջին վեպը՝ «Երկնքից երեք խնձոր ընկավը», Նյու Յորք Թայմսը դասել է«Նշանավոր գիրք» շարքին: Այն նաև ՓԵՆ/Հեմինգուեյի անվան «Առաջնավեպ» մրցանակի հավակնորդ էր: «Երազող տղան»՝ նրա երկրորդ վեպը, արժանացավ ՓԵՆ/ԱՄՆ մրցանակին՝ «Լավագույն վեպ» անվանակարգում: Նա ստացել է կրթաթոշակներ և մրցանակներ Լաննան, Ուայթինգ և ԱՄՆ մշակութային գործիչների հիմնադրամներից: Միշել Ահարոնյանը Վիրջինիայի համալսարանում ստեղծագրության պրոֆեսոր է:
«Երկնքից երեք խնձոր ընկավ»
Նյու Յորք Թայմսի Նշանավոր գիրք ճանաչված գործը պատմում է 20-րդ դարի Հայոց ցեղասպանությունից մազապուրծների մասին: Անագիլը հայ աղջիկ է, ում ծնողների մահվանից հետո, պահում են թուրք հարևանները: Եվ աղջիկն այժմ ստիպված է նայել այն ամենին, ինչ մնացել է իր աշխարհից մուսուլմանական քողի ներքո: Սարգիսը պոետ է, ով թաքնվել է իր մոր ձեղնահարկում: Նա կանացի հանդերձանքով է և պարբերաբար նոպաներ է ունենում: Լուսինեն աղախին է և ԱՄՆ հյուպատոսի սիրուհին: Մարիցան մուսուլմանի կին է, ով լի է զայրույթով և ի վերջո անբարոյական է դառնում: Տիգրանը նորածին է, ում հայկական գյուղից գաղթի ճանապարհին թողել են ծառի տակ: Տիգրանը ձեռքերով փորձում է հասնել աստղերին և այդպես էլ մահանում է:
«Երեք խնձոր ընկավ երկնքից» վեպում նկարագրված կյանքի պատմությունների միջոցով մենք ականատես ենք դառնում մարդկանց ճակատագրերի անհետացմանը: Կյանքերի այս պատմությունները միասին կազմում են բարդ ու կործանարար խճանկար: