Newmag-ը թարգմանել և հրատարակել է ֆրանսիացի լրագրող և գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը, որը նվիրված է պոլսահայ մտավորական Հրանտ Դինքին: Գրաքննադատներն այն կոչել են բացառիկ ուշագրավ գրական գործ։ Իսկ ֆրանսերենով լույս տեսած վեպն արժանացել է ֆրանսիական հայտնի «Ռենոդո» գրական մրցանակին, դարձել ֆրանսիական բեսթսելլեր։ Սա հետաքննություն է գեղարվեստական ժանրում։ Վալերին վարպետորեն միահյուսել է որոշ ժանրեր՝ գեղարվեստական ինքնակենսագրությունը, սիրավեպն ու հետաքննական ռեպորտաժը:
Հայտնվելով անծանոթ երկրում, ոչ հարազատ միջավայրում՝ նա Թուրքիայում ապրում է մոտ երկու տարի։ Ընթացքում նեղուցի մի ափից մյուսն է անցնում ու Դինքի ուրվականի պես շրջում բոլոր այն վայրերով, որը մի ժամանակ խոստացել էր «դրախտի վերածել այս դժոխքը, որում ապրում են», այն բանտերով, որոնցում տառապում են 150 լրագրողներ։ Իսկ թե ինչու գրքի հերոսի ընտրությունը կանգ առավ հենց Հրանտ Դինքի վրա, Մանտոն ֆրանսուհուն բնորոշ համեմատականով է ներկայացնում իր որոշումը՝ Հրանտ Դինքը խաղաղության տենչող ամենաիրական իդեալն էր, ամենախարիզմատիկը:
Վալերի Մանտոն գրող-լրագրող է Ֆրանսիայում, բնակվում է Մարսելում, հիմա նաև՝ Ստամբուլում։ Մոտ 5 տարի աշխատել է ֆրանսիական հայտնի «Շառլի Հեբդո» շաբաթաթերթում: Երբ 2015 թվականից Ֆրանսիայում տեղի ունեցան հարձակումներ շաբաթաթերթի դեմ, որոշեց Ստամբուլ գնալ, այնտեղ հանգստություն գտնել, նոր գաղափար փնտրել. «Գիտեի, որ Թուրքիան երկար լուռ գետ չէ, բայց ուզում էի մի փոքր էլ ավելի հեռավոր պատմությունով հետաքրքրվել ՝ 2000-ականների շրջանի, բավականին խաղաղ տարիների ժողովրդավարացման ուղղությամբ: Այնտեղ հույս ունեի ծանոթանալ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ հայ կամ քուրդ»:
«Ակոսի» հայերեն հրատարակությունն իրականացվել է Ֆրանսիական ինստիտուտի՝ հրատարակությունների աջակցության ծրագրի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: Հենց Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին տեղի ունեցավ «Ակոս» վեպի շնորհանդեսը, որին մասնակցեց նաև հեղինակը: Նա մեկ շաբաթ հագեցած ժամանակացույով Հայաստանում էր, մասնակցել է տարբեր միջոցառումների, այդ թվում՝ հանդիպել հայ կին գրողների ու զրուցել խնդիրների, ընդհանուր մարտահրավերների վերաբերյալ: