Արձակագիր, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Նինո Հարաթիշվիլին ծնվել ու մեծացել է Վրաստանում, ապրում ու ստեղծագործում է Գերմանիայում՝ Բերլին քաղաքում։ Առաջին գործերը վրացերեն էին, հետո սկսեց գրել ու հրատարակվել նաև գերմաներենով։ Այսօր համարվում է գերմանացի գրող։
Գրքերի աշխարհում հայտնվել է փոքրուց, ընթերցում էր շատ։ 1990-ականներին, երբ Վրաստանում քաղաքացիական պատերազմ, տնտեսական ճգնաժամ ու սոցիալական ծանր տարիներ էին, Նինոյի՝ իրականությունից փախչելու միակ ճանապարհն ընթերցանությունն էր։ Ապրում էր գրքերի հերոսների կյանքով, ճամփորդում էր նրանց հետ տարբեր երկրներ, նոր աշխարհներ բացահայտում։
Երևակայական աշխարհը, դեմքերն ու դեպքերը վերածվեցին բառերի ու դարձան գրքեր։ Գրելու առաջին փորձն արեց 14-15 տարեկանում` դպրոցում` թատերական խմբակում։ Առաջին գործը պիես էր, որը հետո նաև բեմադրվեց։ Իսկ գրքեր հրատարակեց, երբ արդեն Գերմանիայում էր։
Մասնակցում է բազմաթիվ փառատոների, արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, հաճախ անցկացնում է հանդիպումներ ու գրքերի ընթերցումներ։ Նրա հայտնի գործերից են «Զարմիկը և Բեկինան», «Իմ նուրբ երկվորյակը», «Ութերորդ կյանքը», «Կատուն ու գեներալը»։
Նինո Հարաթիշվիլիի խոսքով, վեպն իր ամուսինն է, պիեսը՝ սիրեկանը։
Գերմանացի գրողների մասնակցությունը ֆորումում հնարավոր է դարձել Երևանում «Գյոթե կենտրոնի» հետ գործակցությամբ։