
1974 թվականին ծնված Դեֆնե Սումանը Բոսֆորի համալսարանում ուսանել է սոցիոլոգիա, իսկ ավելի ուշ ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում։
Իր գրական տարբեր գործերում Դեֆնեն ունի նախընտրելի թեմաներ, որոնց շուրջ էլ կառուցում է գրական գործերի սյուժեները: Նրա գրքերում հաճախ կարելի է ընթերցել հավաքական հիշողության, անձնական ու սոցիալական տրավմաների մասին, հերոսների միջոցով քննարկում է քողարկված ինքնության վերաբերյալ հարցերը:
2011թ-ի Դեֆնեն հրատարակում է իր առաջին՝ ճամփորդական գրառումների ժողովածուն՝ «Կապույտ անտառը»: Հետո գրում է «Պահմտոցի» վեպը, որն անդրադառնում է Թուրքիայի ժամանակակից և պահպանողական շերտերի բևեռացման խնդիրներին: 2015թ.-ին Դեֆնե Սուման հրատարակեց «Փոխառված ժամանակներ» վեպը, որտեղ նկարագրել է կոսմոպոլիտ Օսմանյան Զմյուռնիայի կործանումը: Գործը նույն օրը լույս է տեսնում նաև Հունաստանում՝ «Շեհերազադեի լռությունը» վերնագրով։
14 լեզվով թարգմանված «Նախաճաշի սեղանը» վեպում Դեֆնե Սումանը շարունակում է ուսումնասիրել իր նախորդ վեպերի առանցքային թեմաներն ու սյուժեները՝ դրանք ընթերցողին ներկայացնելով նոր անկյան ներքո: