Ինչպես տղամարդ, այնպես էլ կին գրողները պայքարում են բազմաթիվ մարտահրավերների դեմ։ Իրականում, այն խնդիրները, որ ունեն տղամարդ գրողները, նույնն ունեն նաև կին գրողները։ Պարզապես կանանց դեպքում մի քիչ ավելի բարդ ու շատ են այդ մարտահրավերները։ Կանանց պարագայում ավելի դժվար է գտնել սեփական ձայնը, անկեղծ լինել ինքդ քեզ հետ։
Գիրք գրելը շատ դժվար, բարդ ու երկար ընթացք է։ Եվ երբ միայնակ ես դրա միջով անցնում, երբեմն պատահում է՝ հուսալքվում ես։ Երբ դեռ սկսնակ գրող ես, ավելի քիչ ես վստահում քեզ, նմանակում ես արդեն պատրաստի գործերին։ Եվ իմ կարծիքով, այդ ժամանակ փչացնում ես սեփական աշխատանքդ. այս առումով կանանց համար ավելի դժվար է: Երբ նայում ենք, թե որ գրողներն են շատ ներկայացված սոցիալական մեդիայում, լրատվամիջոնցերում, ովքեր են ավելի շատ մրցանակ ստացել, ավելի լավ գրաքննադատականներ ունեն, տեսնում ենք, որ տղամարդիկ են։ Եվ երբ դու սկսնակ ես, ծուղակն ընկնելը հեշտ է, պետք է չանել այն, ինչն արդեն արել են ու արդեն կա, քանի որ սկսում ես նմանվել արդեն գոյություն ունեցող գրողներին։
Չեմ ասում, որ բոլոր կանայք պետք է մտնեն ֆեմինիստական պայքարի մեջ, քանի որ երբ գտնում ես քո ձայնն ու այն արտահայտում ես, դա արդեն իսկ ֆեմինիզմ է, ընդունենք, թե ոչ՝ այդպես է։ Ես ինձ համարում եմ ֆեմինիստ։ Ֆրանսիայում կան շատ կին գրողներ, որոնց ձայնը լսելի է, ունեն հեղինակություն, օրինակ՝ Անի Էղնոն, Լեշենի Դեպոնդը։ Արդեն մի քանի սերունդ է, որ ունեն այդպիսի լսելի ձայներ, նրանք սկսնակ գրողների համար ճանապարհ են հարթել։ Այսօր մեր սերունդն իրեն ավելի հարմարավետ է զգում այս ոլորտում, քան 20 տարի առաջ ։
Ոչ մի դեպքում չեմ կարծում, որ կա կանանց կամ տղամարդկանց գրականություն։ Ոչ ոք չի հարցնում, թե կա՞ տղամարդկանց գրականություն, քանի որ բոլորին թվում է, որ եթե տղամարդ է գրում, ուրեմն պետք է հետաքրքրի բոլոր բոլորին։ Այն դեպքում, երբ կանայք ավելի շատ են ընթերցում։ Ստացվում է՝ մարդիկ մտածում են, որ տղամարդկանց գրածը հետաքրքրում է բոլորին, իսկ կանանց գրածը կարող է չհետաքրքրել տղամարդկանց։
Չեմ կարծում, որ կանանց գրածը հետաքրում է միայն կանանց։ Ես որպես ընթերցող, հավասարապես ընթերցում եմ և՛ կին, և՛ տղամարդ գրողներին։ Կա մի մոտեցում, որ կանայք այլ կերպ են տեսնում աշխարհը, քանի որ տարբեր են մեր սոցիալական վիճակները։Կին գրողներն ունեն այն մեծ հնարավորությունը, պատասխանատվությունը խոսել կանանց տեսանկյունից և չձևացնել, որ մենք իշխանության մաս ենք կազմում, քաղաքական, մեդիա աշխարհում ներգրավված ենք։ Մեզ թույլ չեն տալիս պատկանել, մաս կազմել այդ աշխարհին։ Քիչ կանայք կան, որ ազատված են սոցիալական պատասխանատվությունից, քիչ տղամարդիկ կան, որ կարող են խոսել կնոջ խնդիրներից, կանայք պատասխանատվություն ունեն խոսել այդ թեմաներից։
Ես իմ գրքերում փորձում եմ այդ թեմաների մասին խոսել։ Ստացվում է՝ տղամարդիկ այդ թեմաներից չեն խոսում։ Սխալ է այդպես վերաբերել կյանքին, խնդիրներին։ Վեպը պետք է խոսի կյանքի բոլոր շերտերի մասին, ու քանի որ ես հետաքրրքվում եմ քաղաքական թեմաներով, ու դա ամենօրյա կյանքի վրա էլ է ազդում, ինձ համար կարևոր է խոսել այն մասին, ինչ կատարվում է քաղաքական դաշտում, դատարաններում, ներկայացնել ներքին խոհանոցը։ Պետք է նկատել, որ հիմնականում կանայք են, որ կարողանում են ցույց տալ թեմաների այդ բազմազանությունը, այն էլ միանգամից։
Ինչպե՞ս դառնալ հայտնի գրող
Չեմ կարծում, որ գրողն իրեն հարց պետք է տա, թե ինչ անել, որ իրեն կարդան։ Լավ գիրքն այն գիրքն է, որի թեման նաև քեզ է հետաքրքրում, որի շուրջ ուզում ես դու ինքդ էլ գրել։ Հրանտ Դինքն ասում էր՝ ես գրում եմ այն, ինչն իմ ուղեղում, գլխում է։ Կարծում եմ, որ սա պետք է լինի գրողի համար առաջին օրենքը։ Եթե ինչ֊որ երկրում, ինչ֊որ մի տարածաշրջանում չեն կարդում տվյալ գրողին, դա հրատարակչության խնդիրն է։
Կան երկրներ, որտեղ կա ավանդույթ՝ շատ թարգմանել գրողների գործերը։ Իհարկե, թարգմանությունն ավելի թանկ է արժենում հրատարակչի համար, քան օրինակ՝ տպագրել քո երկրի գրողի գործը, բայց այս բաց մտածողությունը պետք է դառնա հրատարակիչների գործելաոճը։ Մենք բոլորս ունենք անելիք, հետաքրքրվել այլ երկրներով ու չփորձել հատուկ դարակների մեջ դնել՝ թե հայերը պետք է խոսեն միայն ցեղասպանությունից, թուրքերը՝ իսլամից։ Դա հակագրական երևույթ է, երբ երկրներին բաժանում են կատեգորիաների։
Գրողը ևս պետք է չգրի այն մասին, ինչ լուսաբանում է մեդիան։ Գրականության դերը բազմաշերտության ապահովումն է։ Գրողի պատասխանատվությունն է հետաքրրքվել ժողովրդի կյանքով։ Վեպը ոչ թե մի, այլ մի շարք թեմաների մասին է, որոնք մեր հերոսներն ունեն ու արծարծում են իրենց ստեղծագործության մեջ: Չի կարելի ասել, որ վեպն այս թեմայով է։ Գրողը պետք է բացահայտի այն, ինչ տեղի է ունենում իր հերոսի գլխում։