Սկզբում գրում էր, բայց դրանք միայն իր մոտ էր պահում ու միայն 1987 թվականին «Գարուն» ամսագրում տպագրեց բանաստեղծությունների առաջին շարքը: Քաղաքական ենթատեքստ այդ գործերում գրեթե չկար՝ նկատում է Մարինե Պետրոսյանը. «Եվ երբ հարց եմ տալիս, ես միշտ պատասխանում եմ, որ իմ գրական կյանքը համընկնում է նոր Հայաստանի քաղաքական կյանքի հետ, չնայած, կարծում եմ՝ դա ամենևին էլ պատահականություն չէ»:
Քաղաքականությունը բացակայում էր առաջին գործերում, բայց ընթացքում այդ թեման շրջանցել չստացվեց՝ քաղաքականությունից անմասն չմնաց ոչ միայն գրողը, այլև իր գործերը: Ցավոտ թեմաներ կային, որոնց պետք է անդրադառնար հրապարակախոսական ելույթներում ու գործերում. «Միշտ մասնակցել եմ հանրահավաքների, բայց ինձ համար պոեզիան և քաղաքականությունը հստակ տարանջատված էին, ես պարզապես դիտորդ էի»:
Հրապարակախոսի խոսքով, գրականությունն ու քաղաքականությունն ունեն որոշ նմանություններ. և՛ քաղաքական գործիչները, և՛ գրականությունն օգտագործում են բառերը, որ դիմեն մարդկանց:
Բայց նրանց օգտագործած բառերը բավականին տարբեր են. «Քաղաքականության մեջ ելույթը միշտ որոշակի նպատակ ունի, քաղաքական գործիչները գիտեն, թե այդ բառով ինչի են ուզում հասնել, ինչ արձագանք են ուզում ստանալ: Բայց գրականության մեջ այլ է: Եթե բանաստեղծություն գրվեր նույն եղանակով, ապա դա այլևս բանաստեղծություն չէր լինի, կլիներ քարոզչական տեքստ»:
Ըստ Մարինե Պետրոսյանի, այսօր Հայաստանն ուժի կարիք ունի, երկիրն ընկճված է: Տարբերակ կա՝ պետք է գտնել միավորման ճանապարհը, յուրաքանչյուրն իր ներուժն օգտագործի, օրինակ՝ ինքն իր գործերով է փորձում օգնել ու միավորել ժողովրդին: