Ինչու դարձավ գրող
Ես սկսեցի գրել պոեզիա, երբ սովորեցի գրել, երևի 6 տարեկան էի: Միաժամանակ, սկսեցի կարդալ բանաստեղծություններ: Գրում էի, որովհետև ուզում էի արտահայտել այն, ինչ տեսնում էի, ինչ զգում էի և ինչպես ընկալում իմ շուրջը կատարվող երևույթները: Երբեմն թվում էր, թե իմ ընկալումները հակասում են մեծերի պատկերացումներին: Ես միշտ գրում էի, որովհետև ինձ համար կարևոր էր նաև գրի առնել հիշողությունները: Շատ փոքր էի ՝ 6 տարեկան: Ես շարունակում էի գրել տարրական, միջին, ավագ դպրոցում: Համալսարանում սկսեցի հաճախել ստեղծագրության դասընթացների և շարունակեցի գրել բանաստեղծություններ: Ի վերջո, ավարտեցի և ստացա Կոլումբիայի համալսարանի՝ պոեզիայի բնագավառում գեղարվեստական գիտությունների մագիստրոսի կոչում: Այժմ ապրում եմ Նյու Յորքում: Ավարտելուց հետո բանաստեղծությունից անցա դեպի գեղարվեստական գրականության, չնայած դեռ շարունակում էի բանաստեղծություններ գրել: Հրատարակել եմ երեք վեպ, մի քանի շաբաթ առաջ ավարտել եմ չորրորդ վեպս։ Լույս տեսած իմ երեք վեպերը, ինչպես նաև չորրորդը, պատմում են հայոց ցեղասպանությունից հետո ձևավորված հայկական սփյուռքի մասին: Առաջինը ցեղասպանությունը վերապրած տատիկիս կյանքի գեղարվեստականացված պատմություն էր։ Այն կոչվում է «Զաբել» և թարգմանվել է արևելահայերեն:
Երկրորդ վեպս, որը կոչվում է «Հացի ու կրակի երազներ», նույնպես պատմում է մի կնոջ մասին, որն իմ սերնդակիցն է, մեծացել է Բոստոնին հարակից հայ համայնքում: Հերոսուհին կիսով չափ հայ է, և վեպում պատմում եմ, թե ինչպես է նա հաշտվում պատմության այդ մութ հատվածի հետ։ Նա կապվում է մի հայ մարքսիստ, կոմունիստ հեղափոխականի հետ, որը ռումբ է տեղադրում թուրքական ավիաուղիների գրասենյակում։ Այս պատմությունը գրել եմ` Ասալայի պատմությունից ոգեշնչված: Այս գրքի հերոսը, այոց պատմության այդ էջերը, շատ հետաքրքիր են ինձ համար։
Երրորդ գիրքը, որը կոչվում է «Այնտեղ եղած ամբողջ լույսը», սկսվում է Փարիզից` Բելվիլի հայ համայնքից: Պատմում է մի երիտասարդ աղջկա մասին, ում եղբայրը և նրա ընկերները ներգրավված էին ֆրանսիական դիմադրության շարժման մեջ: Պատերազմի ընթացքում և դրանից հետո նա բազմիցս կանգնում է դժվար ընտրության առաջ:
Չորրորդ գիրքը, որը նոր եմ ավարտել և չգիտեմ, թե երբ լույս կտեսնի, պատմում է Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիների Բեյրութի հայ համայնքի մասին։ Պատմությունն սկսվում է Նյու Յորքում՝ սեպտեմբերի 11-ին ՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա ահաբեկչական հարձակմամբ և ներկայացնում է լիբանանահայ երիտասարդ կնոջ և նրա ընտանիքի պատասխանատվության մասին մտորումները։ Այնուհետև, պատմությունը տեղափոխվում է 1975 թ.՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներ, իսկ վերջում կրկին վերադառնում Նյու Յորք: Ընտանիքը Հաճընից է: Նրանք ապրում էին Բեյրութի Նոր Հաճըն քաղաքում, իսկ գրքի վերջին բաժնի իրադարձությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրության Հաճըն քաղաքում՝ հակառակ ժամանակագրությամբ:
Հայ ինքնության ու ծագման թեման՝ գրականությունում
Երևի զավեշտալի կհնչի, բայց ֆինանսական հաջողություններն ինձ առանձնապես չեն հետաքրքրում։ Ինձ իրականում հետաքրքրում է միայն, որ հրատարակիչները վաճառեն բավականաչափ գրքեր, և որ նրանք շահագրգռված լինեն տպագրել իմ հաջորդ գիրքը: Ես պարզապես գրում եմ պատմություններ, որոնք ես ուզում եմ պատմել, պատմությունները, որոնք գրավիչ են ինձ համար, այն համայնքի համար, որտեղ ես մեծացել եմ: Ես, իհարկե, գրել եմ պատմվածքներ և էսսեներ այլ թեմաներով: Օրինակ` ես գրել եմ Պաղեստինի մասին, նրանց առօրյայի մասին: Բայց ինձ շատ հետաքրքրում է հայկական սփյուռքը, և ես պարտավորություն եմ ստանձնել ուսումնասիրելու հայկական սփյուռքի կյանքը տարբեր անկյուններից: Ամերիկացի գրող Ջեյմս Բոլդուինը մի միտք է արտահայտել, որն ինձ շատ հոգեհարազատ է. «Գրողի պարտականությունն է գրել և վերծանել այն մարդկանց կյանքի փորձը, որոնք իրեն կյանք են տվել»։
Հայկական թեմաները՝ արտասահմանյան գրականությունում
Ես կարծում եմ, որ, այո՛, ԱՄՆ-ում հետաքրքրություն կա էթնիկ գրականության նկատմամբ: Սակայն շատ հաճախ հրատարակում են այն, ինչ նորաձև է այդ պահին: Հիշում եմ, երբ «Զաբելը» լույս տեսավ, Առունդհաթի Ռոյի «Աննշան բաների Աստվածը» վեպը միջազգային բեսթսելեր էր, այդ գրքի հաջողության շնորհիվ հրատարակիչներն սկսեցին միանգամից փնտրել հաջորդ Առունդհաթի Ռոյին, ինչպես նաև այլ հնդիկ գրողների և հրատարակված հնդկական ստեղծագործություններ։ Շատ հայտնի էին լատինաամերիկյան գրողները, մեծ հաջողություններ ունեին ամերիկա-նիգերիացի գրողները: Ուզում եմ մեջբերել Ալան Գինսբուրգի ասածը. «Եթե ուզում ես ձայնդ լսելի դարձնել, պետք է ուշադրություն չդարձնես այլոց, պետք է դառնաս քո ձայնի կամ քո սեփական փորձի կերտողը»։ Քանի որ ես շատ դանդաղ եմ գրում և իմ հրատարակած գրքերի միջև 5-ից 8 տարվա տարբերություն կա, զավեշտալի էր, երբ հրատարակիչս հարցրեց, թե որպես գովազդային քայլ ո՞ր գրքի հետ կարող եմ համեմատել իմ չորրորդ վեպը: Ասացի` կարող ես համեմատել հայկական ցանկացած բանի հետ։ Երևի, որովհետև ես ապահովված եմ և մտահոգված չեմ նրանով, թե քանի գիրք կվաճառվի…Ուղղակի, ուզում եմ ասել, որ նման է իմ նախորդ երեք գրքերին. նույն ոճով գրված, կերպարների վրա հիմնված գեղարվեստական գրականություն, որի իրադարձությունները տեղի են ունենում հայկական համայնքում և նկարագրում են հայակական սփյուռքի կյանքը 1915թ.-ից հետո։ Իմ վերջին գիրքը հրատարակիչս համեմատել էր կին հեղինակների գրած այլ պատմական գրականության հետ, որի իրադարձությունները տեղի էին ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Կարծում եմ՝ գովազդելու խնդիրը միշտ էլ կա:
Գրականությունը՝ հետպատերազմյան տրավմաների սպեղանի
Կարծում եմ հայերն ամբողջ աշխարհում, անկախ նրանից, թե որտեղ են ապրում` Հայաստանում, Լիբանանում, Հալեպում, Նյու Յորքում, միևնույն է, բոլորն ունեն սերնդեսերունդ փոխանցված տրավմաներ, որոնց սկզբնաղբյուրը եղել է ցեղասպանությունը: Եվ ես կասեի, որ դա իմ ընտանիքին էլ է վերաբերում: Պապս 1909 թվականի Ադանայի կոտորածներից փրկվածներից է, ուստի այս տրավման նույնիսկ ավելի վաղ է տեղի ունեցել։ Կարծում եմ՝ գրելը կարող է ծառայել որպես ապաքինման և թերապիայի միջոց և հենց դրա համար, կարծում եմ՝ բոլորը պետք է գրեն, անկախ այն բանից, թե իրենց գրածը հրատարակման համար է, թե ոչ, ընթերցողների լայն շրջանակի համար է, թե՝ ոչ։ Բայց կարծում եմ՝ գրականությունը պետք է մի փոքր զերծ մնա տրավմաներից, որպեսզի այն վերածվի արվեստի: Վստահ չեմ, որ ես 100% հավատում եմ այդ պնդմանը, բայց կարծում եմ, որ այն ճիշտ է: Նաև կուզեմ ասել, թե ինչ տեղի ունեցավ 2020 թ. Արցախյան պատերազմի ժամանակ: Դա չափազանց տրավմատիկ էր Հայաստանում ապրող մարդկանց, ինչպես նաև այստեղ ՝ Նյու Յորքում, Միացյալ Նահանգներում ապրող բոլոր հայերի համար: Բոլորս հետևում էինք լուրերին, լրատվամիջոցների հաղորդագրություններին և տեսնում էինք ճամպրուկները ձեռքներին ճանապարհ ընկած մարդկանց, կորցրած տարածքներ, ինչպես նաև հուշարձաններ, վանքեր, եկեղեցիներ կորցնելու սպառնալիքը: Եվ իհարկե, ամենադժվար պահերը ապրեցին Արցախի և Հայաստանի բնակչությունը։